Գազայում ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Գազայի բնակչության նկատմամբ Իսրայելի ռազմական հարձակումներն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել և հումանիտար օգնությունը հասցնել պաշարված անկլավ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական «Mehr» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։
Հաղորդվում է, որ դիվանագետները մտքեր են փոխանակել Գազայի հատվածի վերջին զարգացումների և Իրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համագործակցության շուրջ։
Աբդոլլահիանը նախազգուշացրել է պաղեստինցիներին իրենց հողերից բռնի վտարելու Իսրայելի ծրագրի և գործողությունների մասին։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակի բուն պատճառը սիոնիստական ռեժիմի օկուպացիան և ագրեսիան են, և եթե Գազայի հատվածի ու Արևմտյան ափի դեմ Իսրայելի ռեժիմի ռազմական հանցագործությունները չդադարեցվեն, ապա պատերազմի հնարավոր տարածման սպառնալիք կառաջանա։
Իրանի արտգործնախարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի աջակցող քաղաքականությունը գործոն է, որը խրախուսում է սիոնիստականռեժիմին շարունակել իր ռազմական ագրեսիան և սպանել քաղաքացիական անձանց։
Ժոզեպ Բորելն իր հերթին ասել է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել լարվածությունն ու հակամարտությունը։ Նա նաև նշել է, որ Եվրամիությունը փորձում է պարտադրել Իսրայելին հարգել միջազգային իրավունքը։
#Դետքի_հետագծով
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Իսրայելն ավելի քան մեկ շաբաթ տևած հրադադարից հետո վերսկսել է իր ցամաքային գործողություններն ընդդեմ Գազայի հատվածի։ Այս համատեքստում Թեհրանը ձգտում է նպաստել, որպեսզի կրկին կողմերի միջև հրադադար հաստատվի՝ զուգահեռաբար շարունակելով ՀԱՄԱՍ շարժմանը ցուցաբերվող աջակցությունը։
Добавить комментарий