Опубликовано D.Guyumjyan -
detq

Բաքվում Իրանի դեսպանը նշել է՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի իրականանա

Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի նման նարատիվները չեն կարող իրագործվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Pars today» լրատվական գործակալությունը։

«Բոլորը խոստովանել են, որ «Զանգեզուրի միջանցքի» նման նարատվիները չեն կարող իրագործվել։ Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությունը պատեհ հնարավորություն է»,- ասել է նա:

Մուսավին կարծում է նաև, որ Արցախի շուրջը տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջ են քաշվել տարածաշրջանային խաղաղ կարգավորման տարբեր բանաձևեր: Նրա խոսքով՝ արևմտյան երկրները տարբեր նարատիվների միջոցով փորձել են Իրանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն տարբեր մակարդակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ հարցն այժմ դուրս է եկել օրակարգից։

Իրանցի դիվանագետը հավելել է, որ տարածաշրջանում տնտեսական նախաձեռնությունների իրականացման միջոցով լայն կոնսենսուսի հնարավորություններ են ի հայտ եկել:

#Դետքի_հետագծով

Թեհրանը մշտապես դեմ է եղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկմանը, քանի որ այն, բացի Հայաստանից, սպառնում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։ Չնայած Թեհրանը կողմ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, սակայն վերջինս բազմիցս պնդել է, որ դա պետք է տեղի ունենա բացառապես պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շրջանակում։

Добавить комментарий