Մենք միշտ և բոլոր առումներով աջակցում ենք Ադրբեջանին և շարունակելու ենք աջակցել. թուրք պաշտոնյա
Թուրք-ադրբեջանական հարաբերություններն աշխարհում նմանը չունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ Զաֆեր Սըրաքայան Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության (YAP) փոխնախագահ, կուսակցության կենտրոնական ապարատի ղեկավար Թահիր Բուդագովի հետ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդգծելով, որ «Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևը «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի շրջանակում Թուրքիայի և Ադրբեջանի շարժման անկյունաքարն է», Սըրաքայան հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն աշխարհում նմանը չունեն։ Վերջինս մեջբերել է նաև Մուստաֆա Քեմալի հետևյալ խոսքը` «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, վիշտը՝ մեր վիշտը», ապա նշել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կարևոր դեր են խաղում թյուրքական աշխարհի միավորման գործում։
Խոսելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին` Սըրաքայան ասել է, որ Շուշիի հռչակագրով թուրք-ադրբեջանական հարաբերությունները տեղափոխվել են ռազմավարական փուլ: Նա նշել է, որ ինքնահռչակ ՀԿԹՀ-ում իշխող «Ազգային միասնություն» կուսակցության, «Արդարություն և զարգացում» ու «Նոր Ադրբեջան» կուսակցությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նույնպես մեծ նշանակություն ունի թյուրքական աշխարհի համար. «Մենք միշտ և բոլոր առումներով աջակցում ենք Ադրբեջանին և շարունակելու ենք աջակցել նրան»։
Բուդագովն իր հերթին նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանն ունեն ընդհանուր պատմություն, լեզու, կրոն ու մշակույթ, և հենց Թուրքիան ու Ադրբեջանն են Թյուրքական պետությունների կազմակերպության լոկոմոտիվային ուժը. «Այդ կազմակերպության շրջանակում մենք՝ որպես կողմեր, աջակցում ենք հարաբերությունների ամրապնդմանը»։ Ադրբեջանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ իրենք փորձում են Եվրոպայում բնակվող թուրքերին ներգրավել թյուրքական պետությունների միջև սերտ հարաբերությունների մեջ, ապա շեշտել, որ վերոնշյալ համագործակցության առումով հատկապես կարևոր է երիտասարդների համախմբումը։
Добавить комментарий