ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները միակողմանի պատժամիջոցներին հակազդելու մասին հռչակագիր են ստորագրել
Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնություն արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Սերգեյ Լավրովը պատժամիջոցներին հակազդելու և դրանց բացասական հետևանքները մեղմելու մասին հռչակագիր են ստորագրել: Ըստ «Դետք»-ի` այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը:
«Մենք հենց նոր ստորագրեցինք միակողմանի հարկադրական միջոցների բացասական հետևանքներին հակազդելու, դրանք մեղմելու և փոխհատուցելու ուղիների և միջոցների մասին հռչակագիրը:
Իհարկե, սա կարևոր քայլ է, որպեսզի մեծացնենք միջազգային հանրության անդամների ջանքերի համակարգումը՝ հաղթահարելու անօրինական պատժամիջոցները, որոնցով ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փոխարինել են դիվանագիտությունը»,- ասել է Լավրովը Աբդոլլահիանի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ արդիական օրակարգի և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Հանդիպումը կայացել է մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։
#Դետքի_հետագծով
Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին միմյանց հետ սերտ համագործակցում են՝ արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու համար։ Սա երկու երկրներին ավելի է մերձեցնում, քանի որ վերջիններս ընդլայնում են համագործակցության ավանդական ոլորտները և խորացնում կապերը։
Добавить комментарий