Опубликовано D.Guyumjyan -
detq

«3+3» տարածաշրջանային հարթակն ավելի հեռանկարային է դառնում. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «3+3» տարածաշրջանային հարթակն արդեն «մարմին է ստանում» և դառնում ավելի հեռանկարային։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Լավրովն ասել է Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման մեկնարկին։

«Արդեն մարմին է ստանում Իլհամ Ալիևի նախաձեռնությունը՝ հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների այսպես կոչված «3+3» տարածաշրջանային հարթակը։ Դա հեռանկարային ձևաչափ է։ Ուրախ կլինեմ լսել ձեր գնահատականները հետագա քայլերի մասին այս ուղղությամբ»,- ասել է Լավրովը։

Ռուս պաշտոնյան շեշտել է՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում։

«Հոկտեմբերի 12-ին՝ երկու ամիս առաջ, Բիշքեկում մեր ղեկավարները զրուցեցին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում և հաստատեցին իրենց հանձնառությունը խորացնելու մեր դաշնակցային, ռազմավարական փոխգործակցությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այս ձևաչափի նախաձեռնությամբ 2020 թ. հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այն ավելի ուշ ստացել է «3+3» անվանումը։ Ռուսաստանը և Իրանը ողջունել են այդ գաղափարը, Հայաստանը նույնպես միացել է ձևաչափին։ Վրաստանը հայտարարել է, որ չի նախատեսում մասնակցել նախաձեռնությանը։

#Դետքի_հետագծով

Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների համատեքստում Մոսկվան կարևորում է հատկապես տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների խորացումն ու համագործակցության ծավալումը։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի «3+3» հարթակը, որն ընդգրկում է Հարավային Կովկասի 3 երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, չնայած վերջինս հրաժարվում է մասնակցելուց հարթակի աշխատանքներին, և այս երկրների 3 առանցքային հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային։

Добавить комментарий