Իրանն ընդլայնում է հարաբերությունները Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա
Իրանի քաղաքական կուսակցությունների պալատի ղեկավար Քոդրաթալի Հեշմատիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը միշտ զարգացրել է իր համագործակցությունը Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի ու առանց միմյանց գործերին միջամտելու սկզբունքի հիման վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը։
Հեշմատիանը Թեհրանում հանդիպում է ունեցել Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ջիանչաոյի և նրա գլխավորած 12-հոգանոց պատվիրակության հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը և Չինաստանն ընդլայնել են երկկողմ փոխգործակցությունը «Մետաքսի ճանապարհի» ակտիվացումից հետո։
Իրանցի պաշտոնյան հիշեցրել է նաև երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այն հայտարարությունը, որ Իրանը երբեք չի մոռանա Չինաստանի հետ համագործակցությունը, երբ իր նկատմամբ կոշտ պատժամիջոցներ էին սահմանված։
Չինացի պաշտոնյան իր հերթին կարևորել է չինական և իրանական կողմերի միջև հարաբերությունների 20-ամյա պատմությունը` կոչ անելով հետագայում նույնպես սերտ համագործակցություն հաստատել երկու կողմերի միջև։
#Դետքի_հետագծով
Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Չինաստանը դինամիկ կերպով զարգացնում են երկկողմ համագործակցությունը։ Այդ փոխգործակցության արդյունքում Իրանը վերջերս պաշտոնապես անդամակցեց Չինաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որը երկրին թույլ կտա զգալիորեն մեղմել արևմտյան պատժամիջոցների բեռը։
Добавить комментарий