Բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ ձևաչափով. Խանդանյանը` ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարության մասին
Տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, որի արդյունքում այս հայտարարությունն է հրապարակվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ հավելելով, որ հայտարարությունում երրորդ կողմի մասին որևէ նշում, արձանագրում չկա․ այդ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև:
Դիտարկմանը, որ հայտարարությունը սկիզբ է դնում բացառապես երկկողմ ձևաչափով բանակցություններին, որն Ադրբեջանի առաջարկն էր, Խանդանյանն ասել է. «Հարցը հումանիտար խնդրին է վերաբերում, շատ զգայուն հարցի՝ գերիների վերադարձին, և հնարավորություն է առաջացել այդ հարցն այս ձևաչափում բանակցելու և լուծելու: Դա շատ կարևոր հայտարարություն է, որը պետք չէ թերագնահատել, բայց նաև պետք չէ գերագնահատել ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանն ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին՝ եռակողմ հանդիպման ընթացքում: Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»:
Հիշեցնենք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ՝ արհեստածին Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Добавить комментарий