
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, որը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանին․ Խանդանյան
Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնելուց․ նախ` մանրամասներին ծանոթ չեմ, բացի դրանից` շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետև հասկանում եք՝ ինչքան բարդ կարող է սա լինել գերիների հարազատների համար:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք 32 գերիների անունները, որոնք շրջանառվում են, համապատասխանում են իրականությանը, և արդյոք քննարկումներ կան ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներին ՀՀ վերադարձնելու մասին:
«Մինչև գերիները չհատեն ՀՀ սահմանը, կարծում եմ՝ Հայաստանը չի կարող հստակ բան ասել: Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է»,- ասել է նա և հավելել, որ գերիների փոխանակումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Խանդանյանը հաստատել է, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։
Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշել է. «Սա գործընթացի մի մասն էր, որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և պահվող այլ անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:
Հիշեցնենք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ՝ արհեստածին Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։
Добавить комментарий