
Մոսկվայում բանակցությունների անցկացման մասին շատ հստակ ժամկետներ և առաջարկներ չեն հնչել․ Խանդանյան
Օրվա և պայմանների մասին տեղեկություն այս պահին չկա, բայց Հայաստանը միշտ կողմ է արտգործնախարարների մակարդակով բանակցությունների շարունակմանը, և մենք հույս ունենք, որ ԱՄՆ մեր գործընկերները բավարար ջանք և գուցե նաև ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի բանակցությունները Վաշինգտոնում շարունակվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ պետքարտուղար Բլինքենը Վաշինգտոնում սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղության շուրջ բանակցելու համար:
Ինչ վերաբերում է Մոսկվայում բանակցությունների անցկացմանը, ապա դրանց մասին շատ հստակ ժամկետներ և առաջարկներ չեն հնչել․ «Շատ կարևոր է բանակցությունների տրամաբանության շարունակականության ապահովումը: Ձևավորվել է մի տրամաբանություն, որ ԱԳ նախարարների մակարդակով ընթացել են բանակցությունների փուլեր Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով` Բրյուսելում, և շատ լավ կլինի, որ ամեն ինչ նոր կետից չսկսելու համար այդ շարունակականությունն ապահովվի: Մենք սպասում և ակնկալում ենք, որ այդ բանակցությունները շարունակվեն»:
Добавить комментарий