Խաղաղության պայմանագրի ստորագրման համար լուրջ խոչընդոտ չեմ տեսնում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Ըստ «Դետք»-ի՝ Ալիևն այս մասին ասել է «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ալիևը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եռամյա բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանը մշտապես ցանկացել է խաղաղության համաձայնագրում ներառել դրույթ Արցախի հայ ազգաբնակչության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Բաքվի դիրքորոշումն այն էր, որ դա իր ներքին գործն է։
«Քանի որ նրանք ցանկանում են, որ ներառվի Ադրբեջանում հայ փոքրամասնության հարցը, ապա եկեք ներառենք նաև երեսուն տարի առաջ Հայաստանից արտաքսված ադրբեջանական փոքրամասնության հարցն այդ երկրում։ Իսկ ադրբեջանցիները Հայաստանում շատ ավելին էին, քան հայերն Ադրբեջանում՝ մոտ 300 հազար մարդ։
Այսինքն՝ մեր դիրքորոշումն այն էր, որ դա պետք է փոխադարձ լինի. մենք կներառենք այս երկու հարցն ազգային փոքրամասնությունների, նրանց իրավունքների և անվտանգության մասին, եթե դա վերաբերի ոչ միայն Ադրբեջան հայերի վերադարձի, այլև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը նշել է՝ խաղաղությունը հասանելի կլինի, եթե Հայաստանը համաձայնվի կամ չկիրառել նույն ձևակերպումը ազգային երկու փոքրամասնությունների համար, կամ առհասարակ չներառի այս հարցը։
«Որովհետև դա Հայաստանի համար գլխավոր խոչընդոտն էր մեզ հետ իրենց բանակցություններում։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի։ Եվ, անկեղծ ասած, տրամաբանորեն ես լուրջ խոչընդոտ չեմ տեսնում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- եզրափակել է նա։
Добавить комментарий