detq

Նեթանյահուն Պուտինին դժգոհել է ռուս-իրանական փոխգործակցության կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Նեթանյահուն խիստ դժգոհել է Իրանի հետ Ռուսաստանի փոխգործակցության կապակցությամբ` «վտանգավոր» որակելով այն։ 

Իսրայելի վարչապետը միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ում Մոսկվայի ներկայացուցիչների «հակաիսրայելական դիրքորոշման» առնչությամբ։ Նրա խոսքով՝ վերոհիշյալ բանաձևի ընդունումը չէր կարող նպաստել Գազայում իրավիճակի արդարացի հանգուցալուծմանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բանաձև էր ներկայացրել, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել Գազայում ընթացող ռազմական գործողությունները և նպաստել տարածաշրջան հումանիտար օգնության մատակարարմանը։ ՌԴ-ն կողմ էր քվեարկել բանաձևին, մինչդեռ ԱԽ մշտական անդամներից ԱՄՆ-ն վետո էր կիրառել և տապալել դրա ընդունումը։

#Դետքի_հետագծով

Չնայած Իսրայելի հետ ունեցած որոշակի հարաբերություններին` Ռուսաստանն այս հակամարտությունում աջակցում է Պաղեստինին և պնդում անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու անհրաժեշտությունը։ Սա բնականաբար անհանգստացնում է Իսրայելին, քանի որ ՌԴ-ն նույնպես ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներից մեկն է և չնայած իր դեմ սահմանված պատժամիջոցներին` համաշխարհային մակարդակում պահպանում է ազդեցությունը։

 

Добавить комментарий