Опубликовано G.Avetisyan -
64853

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց բանակում չծառայածներին գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Պատգամավորներից 63-ը կողմ քվեարկեցին, 25-ը՝ ձեռնպահ, դեմ քվեարկող չկար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր առաջարկած նախագիծը ներկայացնելիս ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ովքեր կարող են օգտվել նախագծից:

«Օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին, այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք չեն կարող օգտվել, այսինքն՝ օրենքից կարող են օգտվել միայն նրանք, որոնք օրենքի ընդունման պահին կլինեն 25 տարեկան և ավելի բարձր տարիքի: Ինչո՞ւ 25 տարեկան և ավելի բարձր. որովհետև փորձը ցույց է տալիս, որ մենք արեցինք համաներում, որից կարողացան օգտվել 27 տարին լրացած քաղաքացիները, բայց ունեինք բազմաթիվ 25-26 տարեկաններ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել, այսինքն՝ նրանք չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման ներքո՝ չունենալով որևէ այլ տարբերակ՝ ազատազրկումից բացի»,- ասաց նա: 

Պատգամավորի խոսքով՝ ազատազրկված ամեն մի քաղաքացուն պահելու համար մեր պետությունը ծախսում է տարեկան մոտ 5 միլիոն դրամ:

«Այսինքն՝ եթե մենք քաղաքացուն հայտնաբերենք, բերենք-պահենք, 5 տարում մենք քաղաքացու վրա ծախսելու ենք մոտ 25 միլիոն դրամ: Բացի դրանից՝ մենք չենք էլ կարողանում այդ քաղաքացիներին դատապարտել»,- ասաց Սարգսյանը:

 

Добавить комментарий