Թեհրանը կարծում է, որ Վատիկանը կարող է արդյունավետ դեր խաղալ Գազայի հակամարտության կարգավորման հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Վատիկանը կարող է նշանակալից դեր խաղալ Գազայի հատվածում ճգնաժամի կարգավորման գործում։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինիի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակում։
Իրանի արտաքին գործերի նախարարը, ողջունելով Սուրբ Աթոռի դիրքորոշումը, ասել է, որ Գազայում կատարվողը ցեղասպանություն է, որն աշխարհն այլևս չի կարող հանդուրժել։ Նրա խոսքով՝ Թեհրանը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը համարում է ազատության ձգտող շարժում, որը պայքարում է իսրայելական օկուպացիայի դեմ։
Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը կողմնակից չէ տարածաշրջանում պատերազմի ընդլայնմանը։
Պարոլինն իր հերթին մտահոգություն է հայտնել Պաղեստինի ստատուս-քվոյի առնչությամբ՝ նշելով, որ Սուրբ Աթոռն աջակցում է Գազայում հրադադար ապահովելու ջանքերին: Նրա խոսքով՝ Վատիկանը պնդում է, որ պաղեստինցիներին հումանիտար օգնություն մատակարարվի, իսկ ճգնաժամը լուծվի քաղաքական ճանապարհով։
#Դետքի_հետագծով
ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից Իսրայելին ցուցաբերվող աջակցության շնորհիվ Իսրայելն ավելի քան մեկ շաբաթ տևած հրադադարից հետո վերսկսել է իր ցամաքային գործողություններն ընդդեմ Գազայի հատվածի։ Այս համատեքստում Թեհրանը ձգտում է նպաստել, որպեսզի կրկին կողմերի միջև հրադադար հաստատվի, և փորձում է այս հարցում միջազգային տարբեր դերակատարների միջև կոնսոլիդացիա ապահովել, որոնց թվում է նաև Վատիկանը։
Добавить комментарий