ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Փաշինյան

«Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը, «Հանուն կայուն և դիմակայուն տնտեսություններ» խորագրի ներքո անցկացվող, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հանդիպման հարգելի' ներկայացուցիչներ, ողջունում եմ բոլորիդ  Հայաստանում այս կարևորագույն թեմայով կարևոր միջոցառումը կազմակերպելու և ներկա գտնվելու առիթով»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն իր բացման խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ, մենք ժամանակի ընթացքում նաև վերանայում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարումն այն առումով, որ սովորաբար մեր առաջին ընկալումն այն է, որ տրանսպորտային կոմունիկացիաները կարևոր են ապրանքների և մարդկանց տեղափոխության համար, բայց վերջին շրջանում նաև մեր օրակարգերի բերումով մենք արձանագրում ենք տրանսպորտային կոմունիկացիաների դերակատարման կարևորությունը տարածաշրջանային կայունության, անվտանգության և ընդհանրապես, խաղաղության բերումով, խաղաղության պահանջի և խաղաղության հաստատման բերումով, որովհետև մեր համոզմունքն այն է, որը մենք արտահայտում ենք բոլոր միջազգային հարթակներում, որ խաղաղությունը, առաջին հերթին, ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունը և առկայությունն է: Իսկ այդ կապերը չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների, և այս է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է և ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,- ասել է նա:

Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի սահմանները շուրջ 30 տարի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են. «Այսօր մենք շատ ենք քննարկում տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու հնարավորության մասին, և շատ կարևոր եմ համարում արձանագրել այստեղ Հայաստանի պատրաստակամությունը շատ գործուն և իրական քայլեր իրականացնել մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ:

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ընդ որում` նախկինում գոյություն ունեցած երկու երկաթուղիների միջոցով. առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը հայկական Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով: Այս պատրաստակամությունը մենք արտահայտել ենք պաշտոնապես:

Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային, միջին և հարավային ուղիներ, որը նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար: Ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապել և կապվել այլ երկրների հետ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք առանցքով:

Ընդ որում` մենք նույն պատրաստակամությունն արտահայտում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով, նաև Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները վերակառուցելու, վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես միջազգային տնտեսական հարաբերությունների, մշակութային, քաղաքական  կապերի, գլոբալ անվտանգության հարցերի վրա»,- նշել է Փաշինյանը:

Նա ներկայացրել է այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում. «Առաջինն այն է, որ հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են։ Հաջորդը՝ յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում այդ կոմունիկացիաներում սահմանային, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների: Այս խնդրի լուծման համար վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ ԱԱԾ-ում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:

Հաջորդ սկզբունքը հետևյալն է, որ բոլոր կոմունիկացիաները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար: Երկրները ենթակառուցվածքներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ՝ փոխադարձության ու հավասարության սկզբունքով»:

Փաշինյանը հույս ունի, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները դեպի ծով ելքի, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծի։

«Այս ամենը հնարավոր է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն: Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչքանով է հնարավոր խաղաղությունը, և ինչ սկզբունքների շրջանակում այն պետք է տեղի ունենա»,- ասել է Փաշինյանը՝ կրկին ներկայացնելով Հայաստանի կողմից առաջ քաշվող սկզբունքները, որոնց հիման վրա պետք է «խաղաղության» համաձայնագիր կնքվի:

Добавить комментарий