ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը պնդել է՝ Իսրայելի փլուզումն անխուսափելի է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին կարծում է, որ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին - խմբ.) նկատմամբ ատելությունը ողջ աշխարհում մեծանում է, իսկ նրա փլուզումն անխուսափելի է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Սալամին պնդել է՝ սիոնիստներն այնքան թույլ են, որ չեն կարող հանդուրժել պաղեստինցի կանանց և երեխաների գոյությունը։ Նա խստորեն քննադատել է Իսրայելին՝ Գազայի հիվանդանոցները պատերազմի դաշտի վերածելու և Պաղեստինում անպաշտպան կանանց ու երեխաներին կոտորելու համար և շեշտել, որ նման վայրագությունները համաշխարհային հակակրանք են առաջացրել Իսրայելի նկատմամբ:
«Սիոնիստների նկատմամբ աշխարհի ատելությունն այլևս չի սահմանափակվում մուսուլմաններով: Մարդիկ հավաքվել են սիոնիստների դեմ նույնիսկ Սպիտակ տան մոտ և Լոնդոնի ու Եվրոպայի փողոցներում»,- հավելել է նա։
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարը կարևորել է, որ տնտեսապես ձախողվել է ԱՄՆ-ն՝ Իսրայելի հանցագործությունների գլխավոր հովանավորը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ Պաղեստինը շուտով հաղթանակած դուրս կգա դիմադրության շնորհիվ։
#Դետքի_հետագծով
Իսրայելը վերջին շրջանում ուժգնացրել է իր հարձակումները Գազայի հատվածի նկատմամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը կտրուկ աճել է։ Այս մասին օրերս խոսել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ խաղաղ բնակչության նկատմամբ անկանոն հարձակումների հետևանքով Իսրայելը կորցրել է միջազգային հանրության շրջանում ունեցած լայն աջակցությունը։
Добавить комментарий