
Ըստ փոխվարչապետի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի
Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները համատեղ աշխատանքային նիստեր և հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը երեկ է հաստատվել:
«Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, և ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը, մասնավորապես երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում և այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»,- նշել է Մ. Գրիգորյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է` հանդիպում կարող են ունենալ նաև երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրել է, որ մեկ անգամ հանդիպում եղել է Բրյուսելում, մեկ անգամ էլ՝ Մոսկվայում:
Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման, նաև սահմանագծման գործընթացը բավականին երկար կտևի, որովհետև դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերից ամեն մեկն իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն կամ որևէ կարգավորում ունեն սահմանի, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի և այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»:
Добавить комментарий