Իրանը Պակիստանին հորդորում է ապահովել սահմանների անվտանգությունը
Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Պակիստանին հորդորել է ընդհանուր սահմանի երկայնքով անվտանգություն ապահովել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Վահիդին այցելել է է Ռասկի ոստիկանական կենտրոն, որտեղ նախորդ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել էր 11 ոստիկան։
Ըստ իրանցի պաշտոնյայի՝ հետաքննությունը պարզել է, որ ահաբեկչական խմբավորման անդամները հատել են սահմանը Պակիստանից և գիշերը մտել Իրանի հարավարևելյան Սիստան ու Բելուջիստան նահանգներ․ «Մենք կոչ ենք անում Պակիստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել՝ իր սահմանը պաշտպանելու և ապահովելու, և թույլ չտալ, որ ահաբեկչական խմբավորումներն իր տարածքում որջեր ստեղծեն»։
Ահմադ Վահիդին հավելել է, որ Իրանի անվտանգության, ռազմական և իրավապահ ուժերի ջանքերով ահաբեկչության հեղինակները շուտով պատասխանատվության կենթարկվեն, և նրանց սարսափելի հաշվեհարդար է սպասվում։
Նշենք, որ նախորդ ուրբաթ պակիստանյան «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները ներխուժել են Իրանի Ռասկի շրջանի ոստիկանական բաժանմունք՝ սպանելով 11 աշխատակցի։
#Դետքի_հետագծով
Հիշյալ ահաբեկչական հարձակումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում կտրուկ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ նման հարձակումների կրկնությունը կանխելու համար։ Միևնույն ժամանակ Իրանը կարևորում է, որ Պակիստանի իշխանությունները նույնպես համարժեք միջոցառումներ ձեռնարկեն, որպեսզի նմանատիպ խմբավորումները չհասնեն պետական սահմանին և փորձեն ներթափանցել։
Добавить комментарий