
Հնդկաստանն առաջիկայում կսկսի «Ակաշ» ԶՀ համալիրների մատակարարումը Հայաստան. գործարքն արժեցել է 600 մլն դոլար
Հնդկաստանն առաջիկա ամիսների ընթացքում սկսելու է «Ակաշ» զենիթահրթիռային համալիրների մատակարարումը Հայաստան։ Այս մասին հայտնել է ANI գործակալությունը՝ հղում անելով երկրի ՊՆ-ում իր ունեցած աղբյուրին և նշելով, որ Հայաստանն այդ ԶՀՀ-ները Հնդկաստանից ձեռք է բերել 600 մլն դոլարով։
«Բազմաթիվ երկրներ, այդ թվում` Բրազիլիան, Եգիպտոսն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում «Ակաշ» ԶՀՀ-ների նկատմամբ»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
«Ակաշ»-ը շարժական զենիթային համալիր է, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ, ներառյալ՝ հրթիռներ, ինչպես նաև 4-25 կմ-ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ։ Հնդկաստանի ԶՈՒ-ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար՝ պատվեր կատարել։
Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։ Բացի այդ, հնդկական Zen Technologies ընկերությունը, որը անօդաչուների խոցման համար ՀՕՊ համակարգեր է արտադրում, մտադիր է մասնաճյուղ բացել Հայաստանում։
Добавить комментарий