Опубликовано D.Guyumjyan -
detq

Արևմուտքը նպատակ չունի նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան կարծում է, որ Արևմուտքը նպատակ չունի նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ըստ «Դետք»-ի՝ ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն լրամշակեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի դեկտեմբերի 17-ին հրապարակած հայտարարությունը՝ Եվրամիության այսպես կոչված իրավամարդկային պատժամիջոցներին մի շարք երրորդ երկրների միանալու մասին: Դրա սկզբնական տարբերակում երրորդ երկրների ցանկում հայտնվել էին Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն որոշ ժամանակ անց նրանք այնտեղից հրաշքով անհետացան»,- ասել է նա։

Մարիա Զախարովայի համոզմամբ՝ Բրյուսելն իր հակառուսական սահմանափակումներին միջազգային իրավական նորմերի համապատասխանության տեսք հաղորդելու համար երրորդ երկրներին խաբեությամբ ներքաշում է իր գործառութային միջոցների մեջ: Նա նկատել է, որ այդ բոլոր փորձերն ապակառուցողական են ու անհեռանկար, իսկ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, միջազգային իրավունքի կոպիտ խախտում են։

«Արևմուտքի նպատակը ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կամ երկարատև ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա պարզապես հակառուսական ևս մեկ քայլ է»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը։ 

#Դետքի_հետագծով

Ռուսաստանին դուր չի գալիս, որ արևմտյան երկրները փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով միջնորդական ջանքեր գործադրել, քանի որ դա ավանդաբար հանդիսացել է ՌԴ-ի ազդեցության գոտին։ Մոսկվան պարբերաբար պնդում է, որ Արևմուտքի մտադրություններն ազնիվ չեն, իսկ միակ նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է։


 

Добавить комментарий