Զելենսկին դժգոհ է․ Էրդողանը որևէ արդյունք ցույց չի տվել Ուկրաինայի և ՌԴ-ի միջև գերիների փոխանակման հարցում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ նշելով, որ նա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում որևէ արդյունք ցույց չի տվել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է РБК-ի ուկրաինական ծառայությունը։
Զելենսկին ասել է, որ գերիների փոխանակումը բավականին բարդ խնդիր է, հատկապես եթե դա վերաբերում է Ղրիմի բանտարկյալներին։ Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Էրդողանը խոստացել է օգնել այս հարցում։
«Ինչ վերաբերում է ղրիմցիներին, ապա դա բարդ պատմություն է։ Միջազգային կազմակերպություններին շնորհակալություն հայտնելու բան չկա, նրանք ոչինչ չեն կարողացել անել։ Էրդողանի հետ ես շատ եմ աշխատել այս հարցի շուրջ։ Մինչ այժմ հարգարժան նախագահ Էրդողանը արդյունք չի տվել բոլոր այն բանտարկյալների հետ կապված, որոնք եղել են Ղրիմի տարածքում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեռևս 2021 թվականին Էրդողանը հայտարարել էր Ղրիմի հարցերում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ դառնալու ցանկության մասին։ Նրա խոսքով՝ թուրքական կողմը շահագրգռված է, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։
«Մեր դիրքորոշումն այստեղ հստակ է. մենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից ենք, հատկապես Ղրիմի թաթարների հարցում։ Մենք բազմիցս այդ հարցերը քննարկել ենք բարեկամ Ռուսաստանի, հատկապես պարոն Պուտինի հետ»,- հայտարարել էր Էրդողանը։
#Դետքի_հետագծով
Էրդողանը ձգտում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հավասարակշռություն պահպանել և օգուտնել քաղել երկու երկրների հետ ունեցած հարաբերություններից։ Սակայն գերիների փոխանակման գործընթացը բարդացել է, քանի որ Էրդողանն այս տարի մի քանի հակառուսական քայլ է ձեռնարկել, մասնավորապես Զելենսկիին հանձնել Ազովի գումարտակի հրամանատարներին, որոնք պետք է մինչև պատերազմի ավարտը մնային Թուրքիայում, ինչը ՌԴ-ի հետ հարաբերություններում որոշակի խնդիրներ է առաջացրել։
Добавить комментарий