
Միլլի մեջլիսը հայտարարություն է ընդունել այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի» վերաբերյալ
Ադրբեջանի Միլլի մեջլիսում ներկայացված այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունն ընդունվել է։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ «Report»-ը տեղեկացնում է, որ այս հարցը քննարկման է դրվել խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում։
Խորհրդարանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնող 23 պատգամավորների պատրաստած հայտարարության տեքստն ընթերցել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վարչության նախագահ, Միլլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության բովանդակությունը:
«Ադրբեջանցիները ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում ապրել են դարեր շարունակ: Պատմական փաստաթղթերն ու քարտեզներն ապացուցում են, որ այնտեղ ապրող բնակչության մեծամասնությունը կազմել են ադրբեջանցիներ, և այդ տարածքներում առաջացած տեղանունների մեծամասնությունը պատկանում է մեր ժողովրդին:
Ցավոք, ավելի քան 150 տարվա ընթացքում, մասնավորապես 1905-1906, 1918-1921, 1948-1953 և 1987-1991թթ. փուլ առ փուլ կատարված էթնիկ զտումների արդյունքում Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել:
Հայաստանի տարածքից ադրբեջանցիների արտաքսման ավարտից հետո Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսն օկուպացվել է 1988-1993 թթ.:
Գրեթե 30 տարի միջազգային հանրության միջնորդությամբ անցկացված խաղաղ բանակցությունները չեն ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
2020 թ. 44-օրյա հայրենական պատերազմում Ադրբեջանի Հանրապետության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի առաջնորդությամբ մեր բանակի հաղթանակի արդյունքում մեր պետության տարածքային ամբողջականությունն ու պատմական արդարությունը վերականգնվել են:
Չնայած օկուպացիայի ծանր հետևանքներին՝ հենց Ադրբեջանի Հանրապետությունն է հանդես եկել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման, միջազգային իրավունքի հինգ սկզբունքների, այդ թվում՝ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիմքով Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ։ Ցավոք, վերջին 3 տարիներին Հայաստանի իրականացրած ռազմաքաղաքական սադրանքները խոչընդոտել են խաղաղ բանակցությունները և անխուսափելի դարձրել այս տարվա սկզբին տեղական հակաահաբեկչական միջոցառումների իրականացումը:
Ադրբեջանի Հանրապետության ողջ տարածքում ինքնիշխանության հաստատումից հետո Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար որևէ խոչընդոտ այլևս չկա։ Ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և ՀՀ վարչապետի աշխատակազմն ընդունել են համատեղ հայտարարություն, որը կարևոր առաջընթաց էր երկու պետությունների միջև վստահության ձևավորման ուղղությամբ։
Ադրբեջանի Հանրապետության Միլլի մեջլիսում ներկայացված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները վճռականորեն աջակցում են Ադրնեջանի նախագահի նախաձեռնություններին ու ջանքերին՝ միտված տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը և համագործակցային հարաբերությունների հաստատմանը։ Համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում դեպի իրենց պապենական հողեր ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ճանաչումը Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության հաստատման կարևոր միջոցներից մեկն է։ Սա կարևոր քայլ կլինի երկու երկրների միջև իրական խաղաղության հասնելու և տարածաշրջանում համատեղ գոյակցություն ապահովելու ուղղությամբ»:
Խաղաղության գործընթացի մասին խոսող պաշտոնական Բաքվի «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմ ձևավորելու, կառուցելու, հիմնավորելու հայեցակարգ է: Մինչդեռ այդ գործընթացի առանցքային դրույթներից մեկը պետք է այն լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունենան:
Добавить комментарий