Իրանը կպատասխանի Իսրայելին՝ Սիրիայում իր խորհրդականի սպանության համար. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն Իսրայելի գործողությունները գնահատում է որպես ահաբեկչական ակտ, որի հետևանքով Սիրիայում զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
Քանաանին միևնույն ժամանակ Իսրայելի գործողությունները որակել է որպես վախկոտ. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում կատարելու անհրաժեշտ պատասխան քայլեր հարմար ժամանակ և անհրաժեշտ տեղում»։
Իրանցի պաշտոնյան պնդել է, որ Իսրայելի անպատժելիությունը խնդիրներ է առաջացնում ողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ Իսրայելի գործողություններից դժգոհ են անգամ այն երկրները, որոնք վերջինիս անվերապահ աջակցություն են ցուցաբերում։
Նշենք, որ օրեր առաջ Դամասկոսում Իսրայելի հրթիռային գրոհի հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Սեյեդ Ռազի Մուսավին։ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին նշել է, որ Իսրայելը երեք հրթիռով հարվածել է այն տանը, որտեղ ապրել է խորհրդականը։
Добавить комментарий