Թուրքիան կհամագործակցի Արգենտինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության հարցում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է համագործակցել Արգենտինայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։
Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Չավուշօղլուն այս մասին ասել է Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և հավատքի նախարար Սանտյագո Կաֆիերի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ։
Չավուշօղլուն շեշտել է, որ ամբողջ աշխարհը գիտի, թե որքան արդյունավետ են թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը։
«Ես խոսում էի պաշտպանական արդյունաբերության մասին։ Ամբողջ աշխարհը գիտի մեր անօդաչու թռչող սարքերի մասին։ Այս հարցով ցանկանում ենք նաև համագործակցություն հաստատել Արգենտինայի հետ»,- ասել է նա։
Վերջինս նաև նշել է, որ Թուրքիան և Արգենտինան ունեն շատ լուրջ ներուժ՝ էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում համագործակցելու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան հավանություն է տվել երկու երկրների միջև ստորագրված «Կրկնակի հարկումից խուսափելու» համաձայնագրին, իսկ Արգենտինայի հավանությամբ նրանք կարող են մեծացնել փոխադարձ ներդրումները։
Հիշեցնենք, որ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը բավականին լայն կիրառություն ունեցան Արցախյան 44-օրյա պատերազմում, և վերջիններս Ադրբեջանի առավելությունն ապահովող հիմնական գործոններից էին։
Добавить комментарий