Շվեդիան լուրջ քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Էրդողանի ներկայացուցիչ
Թուրքիան ակնկալում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը։
Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «TRT Haber» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։
«Շվեդիան լուրջ քայլեր է ձեռնարկել Մադրիդյան արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման համար, մասնավորապես դա վերաբերում է ռազմական արտադրանքի մատակարարմանը։ Հուսով եմ, որ տեսանելի ապագայում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում զգալի առաջընթաց կլինի»,- ասել է Քըլըչը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հաստատել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վավերացման արձանագրությունը։ Փաստաթուղթը ներկայացվել է Գլխավոր ասամբլեայի քվեարկությանը։
Էրդողանի խորհրդականի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումին հավանություն տալու հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Թուրքիայի խորհրդարանն ամբողջությամբ։
«Վավերացման արձանագրությունը հաստատվել է, այժմ այն պետք է հաստատվի խորհրդարանի գլխավոր ասամբլեայում»,- ասել է Քըլըչը։
Նա հավելել է, որ Թուրքիայի և Շվեդիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները կապեր են պահպանում։
«Մենք հուսով ենք, որ դրական ուղղությամբ էլ ավելի շատ փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ մեր կառույցների միջև տեղեկատվության ակտիվ փոխանակման շնորհիվ: Շվեդիան լուրջ քայլեր է ձեռնարկել, նրանց պետք է աջակցել: Մենք կշարունակենք խրախուսել նման գործողությունները»,- հավելել է Քըլըչը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։ Ստորագրվել է հուշագիր, որը յուրօրինակ ճանապարհային քարտեզ էր և թույլ էր տալիս Ստոկհոլմին ու Հելսինկիին անդամակցել ՆԱՏՕ-ին։
Մարտի 31-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությանը, և երկիրը ապրիլի 4-ին դարձել է դաշինքի անդամ։ Միաժամանակ թուրք օրենսդիրները չեն ընդունել դաշինքին Շվեդիայի միանալու արձանագրությունը՝ Ստոկհոլմից պահանջելով իրականացնել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Մադրիդյան հուշագրի բոլոր դրույթները։
Добавить комментарий