Опубликовано D.Guyumjyan -
detq

Իրանը կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Իրանի ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն ու արտգործնախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է, որ Իրանը կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Դեմիրչիլուն շեշտել է՝ շատ կարևոր է օգտագործել տարածաշրջանի երկրների կարողությունները խաղաղություն հաստատելու և  խաղաղության համաձայնագրի իրականացումը երաշխավորելու համար։ Նրա խոսքով՝ երբ արտատարածաշրջանային երկրները մտնում են տարածաշրջան, բնականաբար իրենց շահերն են հետապնդում, որոնք հիմնականում չեն համընկնում տարածաշրջանի շահերի հետ, և դա կարող է բարդացնել իրավիճակը։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրները կարգավորելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի անկարողությանը՝ իրանցի պաշտոնյան ասել է՝ 1994 թվականից ի վեր, երբ հրադադար հաստատվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև, օրակարգային խնդիր էր այն պահպանելու մեխանիզմների  կիրառումը, ինչը ղեկավարում էր Մինսկ անունով խումբը։

«Մինսկի խումբը մոտ 30 տարի ակտիվ էր այս գործընթացում, բայց փաստորեն ոչինչ չէր կարող անել, քանի որ նրա անդամների շահերը հակասում էին հակամարտող երկրների շահերին»,- նկատել է նա։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ կարևորել է տարածաշրջանային «3+3» հարթակի գործունեությունը։ Նրա պնդմամբ՝ Իրանը միակ երկիրն է, որը  սահմաններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, կարող է մուտք ապահովել  դեպի այս երկրներ, որոնց հետ ունի նաև հավասարակշռված տնտեսական հարաբերություններ։

Добавить комментарий