
Ըստ ԱԽ քարտուղարի՝ «խաղաղության պայմանագիրը» ամբողջովին համապատասխանելու է ՀՀ շահերին
Կասկած չունեմ, որ «խաղաղության պայմանագիրը», եթե մենք հասնենք ստորագրման, ամբողջովին համապատասխանելու է ՀՀ շահերին: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատությանը «խաղաղության պայմանագրի» մանրամասներին ծանոթանալուց հետո:
«Մեր ընկալմամբ՝ Հայաստանի շահ է այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվեն «խաղաղության պայմանագրով», այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ և մենք, համոզված եմ, առաջընթաց ենք գրանցելու այս հարցերում: Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն»,- ասել է Գրիգորյանը
Ըստ նրա՝ «խաղաղության պայմանագրի» նպատակն այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, և բանակցությունների իմաստն այն է, որ կարողանան հասնել այդ խաղաղությանը․ «Այդ պայմանագրի նպատակն այն է, որ երաշխիքներ ստեղծվեն, և այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են, այսինքն՝ բանակցությունների սեղանին այն, ինչ կա, և այն, ինչ Հայաստանն առաջարկել է, դրանով ստեղծվում են ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ»:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի քննադատությանն այն մասին, թե «խաղաղության պայմանագրով» Ադրբեջանը կապիտալիզացնում է այն, ինչին հասել է զենքի ուժով, Գրիգորյանը նշել է, թե այդ պայմանագիրը նրա մասին է, որ փորձեն համակեցություն ստեղծել տարածաշրջանում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, և երկու երկրները տարածքային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ:
ԱԽ քարտուղարը բացառել է որևէ միջանցքի հարցի քննարկումը․ «Չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան: Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքերով վստահեցնում են, որ ընդունում են ՀՀ 4 սկզբունքը՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն ու հավասարություն, և մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք «խաղաղության պայմանագրում» այս 4 սկզբունքը»:
Добавить комментарий