+965

Խաղաղության պայմանագիրը տվյալ պահին ստորագրելի չի կարող լինել, եթե Ադրբեջանը չի ընդունում հայկական կողմի համար սկզբունքային կետերը. Խանդանյան

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է համարում այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմն ընդունի հայկական կողմի համար սկզբունքային կետերը, որոնցից մեկն էլ Հայաստանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: 

«Բանակցությունների այս գործընթացից մեր ակնկալիքն է, որ պայմանավորվածությունները, որոնք հայկական կողմը շարունակաբար արձանագրում է խաղաղության համաձայնագրում, ընդունվեն Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը դրանք հրապարակային ընդունի: Երբ դրանք չեն ընդունվում, նշանակում է, որ այդ պայմանագիրը տվյալ պահին ստորագրելի չի կարող լինել: Հայաստանը շարունակելու է պնդել այդ սկզբունքները: Ենթադրում եմ, որ պայմանագրի վերջին տարբերակում, որն ուղարկվել է Բաքու, կրկին տեղ են գտել դրույթները, որոնք մեզ համար շատ սկզբունքային են»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը շատ հստակ է արտահայտել դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ: Դա, սակայն, մինչև այս պահը Հայաստանը չի տեսել ադրբեջանական կողմից:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, եթե անգամ Ադրբեջանը չճանաչվի Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքով տարածքային ամբողջականությունը՝ Խանդանյանն ասաց. «Կարծում եմ, երբ Ադրբեջանի կողմից հաստատվեն, ընդունելի լինեն այն սկզբունքները, որոնք ներկայացնում է Հայաստանը, այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել: Այդ սկզբունքներից մեկը նաև տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումն է»:

 

Добавить комментарий