Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Աբդոլլահիանը և Լավրովը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային խնդիրների, այդ թվում՝ Գազայի հատվածում և դրա շուրջը, ինչպես նաև Կարմիր ծովում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք ընդգծել են քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության ակտիվացման կարևորությունը՝ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածություններին համապատասխան։
Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը ցավակցություն է հայտնել «այն մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, որոնք հավաքված են եղել Իրանի Քերման քաղաքում՝ ոգեկոչելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցը և սպանվել ահաբեկիչների կողմից»։ Կողմերը վերահաստատել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերի հետագա համակարգման փոխադարձ պարտավորությունները։
Իրանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել երկկողմ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում։
Добавить комментарий