
Իսրայելը չի կարող լիարժեք ինտեգրվել տարածաշրջանին, եթե չաջակցի պաղեստինյան պետության ստեղծմանը․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը չի հասնի տարածաշրջանին լիարժեք ինտեգրման՝ առանց պաղեստինյան պետության ստեղծմանն աջակցելու։ Ըստ «Դետք»-ի՝ «The Jerusalem Post» պարբերականը հայտնում է, որ այս մասին Բլինքենն ասել է Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բլինքենը շեշտել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր դաշնակիցները համակարծիք են, որ խաղաղությունը կարող է գալ միայն ինտեգրված, տարածաշրջանային մոտեցման միջոցով, որը ներառում է ճանապարհ դեպի պաղեստինյան պետություն:
«Այս նպատակին հասնելու համար Իսրայելը պետք է գործընկեր լինի պաղեստինյան առաջնորդների համար, որոնք պատրաստ են առաջնորդել իրենց ժողովրդին Իսրայելի հետ որպես հարևաններ խաղաղության մեջ կողք կողքի ապրելու համար: Իսրայելը պետք է դադարեցնի ձեռնարկել քայլեր, որոնք խաթարում են պաղեստինցիների՝ արդյունավետ կառավարելու կարողությունը»,- ասել է նա:
ԱՄՆ պետքարտուղարի համոզմամբ՝ Պաղեստինի Ինքնավարությունը նույնպես պետք է բարեփոխի ինքն իրեն և բարելավի իր կառավարումը։ Նա նաև ասել է, որ ինքը կքննարկի այդ հարցերը նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
«Եթե Իսրայելը ցանկանում է, որ իր արաբ հարևանները կոշտ որոշումներ կայացնեն, որոնք անհրաժեշտ են իր կայուն անվտանգությունն ապահովելու համար, Իսրայելի առաջնորդները ևս ստիպված կլինեն ծանր որոշումներ կայացնել»,- եզրափակել է նա։
Добавить комментарий