
Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին տեղական հեռուստաընկերություններին հարցազրույց է տվել։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական АPA լրատվական գործակալությունը:
Ալիևը, համաձայն Ադրբեջանի որդեգրած քաղաքականության, անդրադարձել է այն բոլոր դրույթներին, որոնք պետական մակարդակով քարոզվում են տեղեկատվական դաշտում:
-
Մարդիկ ու բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների: Եթե իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը» - խմբ.) չբացվի, մենք չենք պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Այսինքն՝ ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ։
-
Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն: Այժմ ստեղծվել են խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանները: Հայաստանը ցանկանում է լինել այս խաղաղության պայմանագրի երաշխավորը։ Մենք կարծում ենք, որ դրա կարիքը չկա։
-
Հայաստանը զինող և հաջորդ պատերազմին նախապատրաստող երկիրը Ֆրանսիան է: Ֆրանսիան զինում է Հայաստանին, աջակցում է, պատրաստում է նրանց հաջորդ պատերազմին։ Այդ պատճառով եմ ես նշում, որ Ֆրանսիայի քաղաքականությունը լարվածություն է առաջացնում Կովկասում:
-
Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) նոր ճանապարհային երթուղու կառուցումը շատ կարևոր իրադարձություն էր և հիմք է դրել ապրիլի 23-ի իրադարձություններին, որովհետև մենք արդեն նոր ճանապարհ ենք կառուցել և մեզ ենք վերադարձրել Լաչին քաղաքը։
-
Ութ գյուղերի հարցը մշտապես օրակարգում է։ Այդ հարցը քննարկվում է և՛ Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ժամանակ, և՛ Սանկտ Պետերբուրգում վերջին զրույցի ժամանակ ես բարձրացրել եմ այդ հարցը, միաժամանակ այդ հարցը գտնվում է սահմանազատման հետ կապված հանձնաժողովների օրակարգում»։
Նա տեղեկացրել է նաև, որ հանձնաժողովների հաջորդ նիստը նախատեսված է այս ամսին, թեման կլինի այդ շրջանի սահմանազատման հարցը:
-
Ալիևն ընդգծել է, որ Ստեփանակերտում դրոշի բարձրացումը հաղթանակի վերջնակետն էր։
-
Բանակաշինության գործընթացը շարունակվելու է, և Հայաստանը պետք է իմանա, որ որքան էլ զենք գնի, աջակցություն ստանա, եթե մեզ համար վտանգի աղբյուր լինի, մենք կոչնչացնենք այն։
-
Նախագահական ընտրությունները նոր ժամանակաշրջանի սկիզբ պետք է լինեն։ 30 տարվա օկուպացիային վերջ դնելը և մեր ինքնիշխանության վերականգնումը նշանակում է նոր ժամանակաշրջանի սկիզբ։ Սա արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու առաջին պատճառն է։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական դաշտում բարձրաձայնել «խաղաղության» հեռանկարների մասին, որոնք իբրև կայունության հիմք են տարածաշրջանի համար, բայց զուգահեռ «խաղաղության» անվան ներքո շտապում է իրականացնել իր առջև դրված նպատակները:
Добавить комментарий