Опубликовано H.Andreasyan -
00

ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը․ Վաղարշակ Հակոբյան

Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, իր ինքնիշխանությունը: Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով և սուվերենությունը, և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք այս ուղղությամբ, մեզ համար գերխնդիրը սա է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության:

«Տարիներ շարունակ բոլորս ականատես ենք եղել նման հռետորաբանությանը։ Բայց ես կարծում եմ, որ խաղաղության օրակարգը, որը հռչակվել է քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է, և մենք անելու ենք ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն»,- նշել է Հակոբյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ պատգամավորը հավելել է, որ դա միակողմանի անելն անհնար է․ «Բայց մենք պարտավոր ենք Հայաստանի պետական շահը վեր դասել ամեն ինչից: Եվ ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները՝ խաղաղության օրակարգով պետք է առաջ շարժվենք»:

Պատգամավորի խոսքով՝ խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը:

«Մեր ցանկությունը Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն անվտանգ դարձնելն է: Այս ճանապարհը բավականին բարդ, կնճռոտ է, միգուցե կարող է ցավոտ լինել: Բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում Հայաստանը կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ու կանխատեսում ենք»,- ասել է Հակոբյանը:

Добавить комментарий