Опубликовано D.Guyumjyan -
դետա

Իրանը իր սահմաններին կտեղակայի նոր հրթիռային ստորաբաժանումներ և ԱԹՍ-ների դասակներ

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի սահմաններին կտեղակայվեն նոր հրթիռային ստորաբաժանումներ և անօդաչու թռչող սարքերի դասակներ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հեյդարին ընդգծել է, որ սա չի նշանակում, թե երկրին սպառնում են, բայց դա արվում է հետախուզության ուժեղացման, ուժերի մարտունակության, վարպետության բարձրացման նպատակով։ Նրա խոսքով՝ երկրի սահմաններին 11 մարտական և շարժական բրիգադ կտեղակայվի կայուն անվտանգության ապահովման և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար։

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է նաև, որ հրթիռների երկու տեսակ արժանացել է զինված ուժերի գլխավոր շտաբի հավանությանը։ Նրա խոսքով՝ այդ հրթիռներն առաջիկայում կներկայացնեն հանրությանը։

Քյումարս Հեյդարին հավելել է, որ Իրանի իշխանությունները կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ բարձրացնելու պետական սահմանների անվտանգությունը։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս երկրի սահմանների պաշտպանության բարձրացմանը, քանի որ բազմաթիվ հատվածներում հակաիրանական խմբավորումներ են կենտրոնացված։ Այս նպատակով երկրի զինված ուժերը պարբերաբար համալրվում է գերժամանակակից սպառազինությամբ, իսկ սահմաններում զորավարժություններ են անցկացվում Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ։

Добавить комментарий