Եթե «խաղաղության պայմանագրի» հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու․ Պապոյան

Հայաստանի վարչապետը նշեց, որ Ալիևի վերջին կոնկրետ հայտարարությունները մեզ համար անընդունելի են, իսկ արդյոք պետք է բանակցել այն պարագայում, երբ Ալիևը ինչ-որ հայտարարություններ է անում, որոնք չեն նպաստում խաղաղությանը, այլ ընդհակառակը, նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Իհարկե այո, որովհետև միշտ բանակցությունից դուրս գալը նշանակում է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով: Այդպես ճիշտ չէ, և մենք այդպես չենք շարժվում առաջ: Մյուս կողմից` պատրաստվել խաղաղության չի նշանակում զենքերը հանձնել ու հանձնվել: Խաղաղության պատրաստվելը կարող է ենթադրել նաև գործողություն, երբ դու քո մարտունակությունը բարձրացնում ես՝ դրանով պատրաստվելով խաղաղության, որովհետև մեր բանակը նպատակ չունի այլ երկրներից տարածքներ գրավելու: Մեր բանակն ունի մեկ նպատակ՝ ՀՀ տարածքները պահել անձեռնմխելի, որն իր սահմանադրական պարտականությունն է:

Տեսեք, իրենք խոսում են 8 գյուղերի մասին, մենք՝ 32 գյուղերի մասին: Բայց մենք չենք ուզում, որ լինի 8 գյուղ և 32 գյուղ: Ալմաթիի հռչակագրով Հայաստանը և Ադրբեջանը կոնկրետ քարտեզով անկախացել են ԽՍՀՄ-ից, և մենք ուզում ենք, որ դրվեն այդ քարտեզները, այնուհետև հայտնաբերվեն դրանց կոնկրետ կոորդինատները, և տեղում գնա հանձնաժողով և ասի, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանը այսինչ գյուղի մոտ անցնում է այստեղով»,- նշել է Պապոյանը և հավելել, որ դրանք այն քարտեզներն են, որոնք իրենց հիմքում ունեն իրավական հիմնավորվածություն:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը մերժում է հայկական կողմի ներկայացրած քարտեզները, Պապոյանն ասել է․ «Թող Ադրբեջանն առաջարկի այլ քարտեզ, որը կունենա իրավական հիմնավորվածություն: Կարելի է բերել մ.թ.ա. երկրորդ դարի քարտեզ, դա լուրջ չէ: Կարելի է բերել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետոյի քարտեզ, դա էլ լուրջ չէ: Մենք պետք է բերենք քարտեզ, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը եղել են անկախ պետություններ կամ ԽՍՀՄ կազմում, եղել են որոշակի սահմաններ, որոնք իրավական հիմքեր են ունեցել: Մենք հիմա ասում ենք՝ 1974 թվականի քարտեզ, բայց եթե հայտնվի 1960 թվականի քարտեզ, որն էլի իրավական հիմք ունի, մենք սկզբունքորեն խնդիր չունենք դրա հետ: Այդ քարտեզը պետք է ունենա իրավական հիմք, հաստատված լինի Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների կողմից, կամ ԽՍՀՄ գսերագույն խորհրդի կողմի: Դա պաշտոնական փաստաթուղթ պետք է լինի»:

Անդրադառնալով նրան, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրենք ոչ մի քայլ հետ չեն գնա այն տարածքներից, որոնք զբաղեցրել են (օկուպացրել են - խմբ․), իսկ դա ՀՀ ինքնիշխան տարածքներն են, Պապոյանը նշել է. «Դա այն ապակառուցողական հայտարարություններից է, որն անթույլատրելի է, և որը որևէ կերպ չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: Այսօր «խաղաղության պայմանագիր» չի կնքվում նաև այդ պատճառով: Հստակ է, որ առանց քարտեզների ցանկացած լուծում իրավական առումով ունենալու է խնդիր՝ ապագայում առաջացնելով նոր քաղաքական լարվածություններ: Արդար մոտեցումն այն է, որ վերցնում ենք քարտեզը, դրա հիման վրա կնքում ենք «խաղաղության պայմանագիրը», հետո կողմերի սահմանազատման հանձնաժողովները սկսում են կոորդինատները ճշգրտել: Եթե այդ պայմանագրի հիմքում դրվի քարտեզը, հարցը հետագայում տեխնիկական է լինելու»:

Добавить комментарий