Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Իրանը կոշտ կարձագանքի իր ինքնիշխանությունը խախտող ցանկացած քայլի. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է՝ Իրանը խոստանում է խիստ կոշտ արձագանքել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրանցի ժողովրդի իրավունքները խախտող ցանկացած քայլի։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Թեհրանը կարձագանքի ինչպես Արևմուտքից, այնպես էլ Արևելքից իրեն վտանգող սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ Իրանի արձագանքը կլինի կոշտ և վճռական։

«Իրանը հարգում է բոլոր երկրների իրավունքները, շահերը և տարածքային ամբողջականությունը, հատկապես իր հարևանների, բայց մենք անպայման կարձագանքենք մեր սահմաններին կատարված սադրանքներին։ Ռուսաստանը խոստացել է հարգել Իրանի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Նա ասել է, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարությունների միջև ստորագրվելիք հուշագրով ՌԴ-ն լիովին կհետևի այն հարցերին, որոնք կապված են Իրանի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ։

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքին և Պակիստանին, ինչի հետևանքով չի բացառվում, որ Իրանի տարածքի նկատմամբ պատասխան հարվածներ կարող են լինել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս ամիսներ առաջ Պարսից ծոցի 3 վիճելի կղզիների նկատմամբ ճանաչել էր ԱՄԷ-ի գերակայությունը, որոնք Իրանը համարում է իր տարածքի անբաժանելի մաս, ինչը երկու երկրի փոխհարաբերություններում որոշակի լարվածություն էր առաջացրել։
 

Добавить комментарий