Опубликовано G.Avetisyan -
4865

Ալիևի հայտարարություններն անգամ ադրբեջանական առաջարկներից են հետընթաց. Արարատ Միրզոյան

Տարվա սկզբից Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված էին հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ դա վերաբերում է ընդհանուր խաղաղության գործընթացին, բայց, մասնավորապես, նաև «խաղաղության պայմանագրի» կնքմանը, սահմանազատման գործընթացի մեկնարկին, նաև տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածների ապաշրջափակմանը:

«Մեզ համար այս գործընթացում շարունակել են առանցքային մնալ մի շարք սկզբունքներ, որոնք անհրաժեշտ եմ համարում թվարկել: Նախևառաջ Հայաստանը և Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը առանց երկիմաստությունների և առանց տարընթերցման տեղ թողնող ձևակերպումների, մյուսը` երկու երկրների միջև սահմանը պետք է սահմանազատվի Խորհրդային միության իրավասու մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում կազմված քարտեզների հիման վրա: Գիտեք, որ մենք մշտապես խոսել ենք 1974-78 թվականների քարտեզների մասին` որպես ամենաթարմ և այս իրողություններն արտացոլող քարտեզներ: Ադրբեջանի կողմից առաջարկ է եղել օգտագործել 1974-90 թվականնների քարտեզներ, որոշակի ուսումնասիրությունից հետո մենք ենթադրել ենք, որ կարող է կիրառելի լինել այս ձևակերպումը, բայց առաջ անցնելով` նշեմ, որ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում նույնիսկ ադրբեջանական բուն առաջարկից հետընթաց է ենթադրվում»,- նշել է Միրզոյանը:Ա

ԱԳ նախարարն արձանագրել է, որ Հայաստանի համար հետագա սահմանազատման գործընթացում առավելագույն հստակությունն առանցքային է, և կրկին հիշատակել է Ալմա-Աթայի հռչակագիրը:

«Դրանով Խորհրդային նախկին 12 հանրապետությունները պայմանավորվել են ընդունել, և ընդ որում` հետագայում որևէ մեկը վերապահում չի հայտնել այս մասին, որ նախկին ԽՍՀՄ ադմինիստրատիվ վարչական սահմաններն այդ հռչակագրի ընդունմամբ ճանաչվում են բոլորի կողմից` որպես նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ: Սա ևս առանցքային համաձայնություն է, որը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են, օրինակ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում և հետագայում էլ մի շարք հանդիպումների ժամանակ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

 
 

Добавить комментарий