Իրանը և ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի միջոցով հաղորդագրություններ են փոխանակում
Իրանի Իսլամական Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների վերականգնումից 9 ամիս անց Սաուդյան Արաբիան նոր միջնորդի դեր է ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Middle East Eye» պարբերականը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր դեր են խաղացել երկրների միջև հաղորդագրությունների փոխանցման և Գազայում Իսրայելի պատերազմի հետ կապված լարվածության նվազեցման գործում։ Հրապարակման համաձայն՝ գործընթացը սկսվել է նոյեմբերին, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Էր-Ռիադում մասնակցել է Գազայի պատերազմին նվիրված արտակարգ գագաթնաժողովին։
Նշվում է, որ Ամիր Աբդոլլահիանն իր հետ ԱՄՆ-ի համար ուղերձ էր բերել, որը նրանք պետք է փոխանցեին Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներին։ Սա պատասխան էր վերջերս Վաշինգտոնից ստացված հաղորդագրությանը։
Ավելի ուշ սաուդցիներն ուղերձը փոխանցել են Վաշինգտոնի բարձրաստիճան պաշտոնյաներին։
#Դետքի_հետագծով
Մերձավոր Արևելքում տիրող լարվածության համատեքստում բավականին մեծացել է ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ուղղակի ռազմական բախման հնարավորությունը։ Սրանից երկու կողմն էլ փորձում է խուսափել, քանի որ եթե նման բախում տեղի ունենա, ապա դա աղետալի հետևանքներ կունենա ողջ մարդկության համար, իսկ ուղերձների փոխանակումը նպատակ ունի կանխելու նման զարգացումը։
Добавить комментарий