Երբ ՀՀ սահմանները կլինեն դելիմիտացված, ՀՀ-ն կունենա իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվություն. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենակարևորն իրավական գնահատականն է։ Այս մասին ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներն ունեն հստակեցում, թե ինչ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատումը և սահմանագծումը։

«Իրավական գնահատականի հիման վրա միայն կարելի է ասել, թե որ քարտեզների հիման վրա կարելի է գործընթացն անել։ Այդ աշխատանքները տարվում են, Հայաստանի փոխվարչապետի գլխավորությամբ կա խումբ, որտեղ իմ տեղակալներն էլ մասնակից են, ամենօրյա աշխատանք է տարվում»,- նշել է նա։

Ըստ Թովմասյանի՝ արդյունքների վերաբերյալ հրապարակայնորեն կհայտնեն։

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը կադաստրի վկայական չունի», Կադաստրի կոմիտեի ղեկավարն ասել է, թե վարչապետի խոսքը, իր կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։

«Երբ Հայաստանի սահմանները կլինեն դեմարկացված ու դելիմիտացված, դա ինքնին կնշանակի, որ Հայաստանի սահմանները փաստագրված են, ու Հայաստանն ունի իր սուվերեն տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը»,- նշել է Թովմասյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման հարցերով երկու երկրների համապատասխան հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի վերջին։ Հանդիպմանը քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը։

Добавить комментарий