
Միջազգային կառույցները պետք է պատժամիջոցներ սահմանեն Ադրբեջանի դեմ, քանի որ մնացած քայլերն անօգուտ են․ Սիրանուշ Սահակյան․ «News.am»
Ադրբեջանական լրատվամիջոցները հունվարի 25-ին հաղորդեցին, որ Արցախի՝ Բաքվում գերության մեջ գտնվող, ապօրինի կալանավորված նախկին նախագահների և ռազմական, պետական մյուս գործիչների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 4 ամսով։ Թեմային շուրջ NEWS.am-ը զրուցել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է նման որոշման պատճառը:
Որոշումը կանխատեսելի էր, քանի որ Ադրբեջանում դատական համակարգը ինքնուրույն չի արձագանքում հայերին վերաբերող գործերին: Ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները քաղբանտարկյալներ են և պատժվում են իրենց զբաղեցրած պաշտոնների և օրինական գործունեության համար: Ռուբեն Վարդանյանի պարագայում դա կապված է նաև նրա մարդասիրական, բարեգործական գործունության հետ:
Ինչպես ռազմագերիների պարագայում են շինծու մեղադրանքներն ուղարկվել դատարաններ, և վերջինները վավերացրել են դրանք՝ դառնալով գործադիր իշխանության որոշումները դակող մարմիններ, այնպես էլ, անխուսափելիորեն, այս ութ գործիչների մասով են նման դատավարություններ կանխատեսվում՝ հաշվի առնելով, որ միջազգային ուշադրությունն ավելի մեծ է լինելու ութի պարագայում: Եվ քանի որ գործերը փաստերից և ապացույցներից զուրկ են, կալանքը ևս չորս ամսով երկարաձգվում է՝ կեղծարարության գործարանը աշխատացնելու նպատակով:
Պետք է հաշվի առնել նաև, որ այս փուլը համընկնում է Ադրբեջանում նախընտրական շրջանի հետ, և, միգուցե, նպատկահարամար չէին համարում այս փուլում դատավարություններ անցկացնել: Նրանք հիմա քարոզչական նպատակով են այս գործերն օգտագործում, և դրա վառ օրինակը վերջերս ապօրինի կերպով, անհատական տվյալների պաշպանության խախտումներով մեր հայրենակիցների լուսանկարների տարածումն էր: Փոխարենը որևէ կերպ նրանց իրական վիճակը չի լուսաբանվում, չկա հանրային պատշաճ հաշվետվողականություն, ինչը ենթադրում է անկախ մարմինների մուտքի ապահովում որոշակի պարբերականությամբ, ժամկետի նշումով և այլն:
Ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ սկզբում հայտարարվեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցի ժամկետի երկարաձգման մասին, իսկ հետո արդեն՝ մնացած յոթ գործիչների: Ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք այստեղ:
Առաջինը, կարծում եմ, փորձում են պահել ձերբակալման ժամանակագրությունը, քանի որ առաջինը ձերբակալվել է Ռուբեն Վարդանյանը, և նրա խափանման միջոցի ժամկետը մի քանի օր ավելի վաղ էր ավարտվելու:
Մյուս պատճառը, ըստ ամենայնի, Վարդանյանի ավելի հայտնի լինելն է: Դրանով փորձել են հարցին ավելի մեծ հնչեղություն տալ, ավելի մեծ քաղաքական օգուտներ ստանալ, ինչպես նաև, ինչու ոչ, ճնշում գործադրել ողջ հայության վրա, քանի որ Վարդանյանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
Добавить комментарий