Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանը հերքում է, որ Չինաստանը խնդրել է հութիների վրա ճնշում գործադրել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է այն տեղեկությունը, թե Պեկինը Թեհրանին խնդրել է կանգնեցնել Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ - խմբ․) հարձակումները Կարմիր ծովում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Քանաանին շեշտել է, որ այդ տեղեկությունը որևէ հիմք չունի։

«Լրագրողները պետք է դիմեն արժանահավատ պաշտոնական աղբյուրներին։ Այդ տեղեկությունը որևէ հիմք չունի, ես չգիտեմ այդ տեղեկության աղբյուրը, և թե որտեղից է այն վերցվել»,- ասել է իրանցի պաշտոնյան իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական «Reuters» գործակալությունը տեղեկացրել էր, որ Չինաստանը դիմել է Իրանին՝ խնդրելով օգնել դադարեցնել իր կողմից աջակցվող «Անսար Ալլահ» շարժման գրոհները Կարմիր ծովում։ Գործակալության տեղեկացմամբ՝ Չինաստանը և Իրանը վերջերս մի քանի հանդիպումներ են անցկացրել Պեկինում և Թեհրանում՝ քննարկելով առևտուրը և հարձակումները Կարմիր ծովում։

#Դետքի_հետագծով

Վերջին շրջանում կտրուկ լարվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որի դրսևորումներից մեկն էլ տեղի է ունենում Եմենում։ Եմենի հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, հարձակումներ են գործում Կարմիր ծովով Իսրայել ուղևորվող նավերի վրա, ինչն առաջացնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դժգոհությունը, ուստի վերջիններս փորձում են կանխել այդ հարձակումները։

Добавить комментарий