Опубликовано D.Guyumjyan -
դետք

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է՝ տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն անընդունելի է

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին հայտարարել է, որ տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը։

Հաղորդվում է, որ Քամալ Խարազին «Օրբելի» վերլուծական կենտրոնում հանդիպել է հայ փորձագետների և մտավորականների հետ: Նա իր ելույթում, մատնանշելով Իրանի ու Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերությունները և դրանք խորացնելու հարցում Իրանի կամքը, անդրադարձել է Հարավային Կովկասում ընթացիկ զարգացումներին:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և որևէ կերպ ընդունելի չի համարում աշխարհագրական սահմանների փոփոխությունը»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Քամալ Խարազին հավելել է, որ Իրանը` որպես հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք տարանցիկ երթուղիները կապող հանգույց, պատրաստ է իր տնտեսական ու գիտական հնարավորությունները ծառայեցնել տարածաշրջանի զարգացմանը:

#Դետքի_հետագծով

Տարածաշրջանային սահմանների, հատկապես հայ-իրանական սահմանի անխախտելիությունը կարմիր գիծ է Իրանի համար, որի վերաբերյալ այդ երկրի պաշտոնյաները պարբերաբար հայտարարություններ են տարածում։ Այս հայտարարությունները ներկայիս իրավիճակում չափազանց կարևոր են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կրկին ակտիվ շրջանառվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դիսկուրսը, իսկ Իրանը զսպում է այդ հավակնությունները։

 

Добавить комментарий