
Իրանը պատերազմ չի փնտրում, բայց կպատասխանի, եթե իր շահերը ոտնահարվեն․ Իրանի փոխնախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Դեղհանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի փնտրում, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու, եթե իր շահերը վնասվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
«Մեր ուղերձը Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց բոլոր դաշնակիցներին այն է, որ մենք պատերազմ չենք փնտրում, բայց եթե մեր թշնամիները հիմար են և ցանկանում են վնաս հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության շահերին, ապա մեր ձեռքերը կապված չեն ինքներս մեզ պաշտպանելու համար»,- ընդգծել է Դեղհանը:
Իրանի փոխնախագահը հայտնել է՝ ԱՄՆ-ն, խոստանալով կոշտ պատասխան տալ Հորդանանում իր ռազմաբազայի վրա հարձակման համար, անգամ իր համար դեռ չի պարզաբանել այս հարցը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Թեհրանը չի ձգտում լարվածության, սակայն շարունակելու է պաշտպանել իր շահերը։
«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր մենք երբեք չենք ձգտել պատերազմի և լարվածության: Միևնույն ժամանակ, մենք հզոր երկիր ենք, և եթե մեր թշնամիները հիմար են, մենք անպայման կստիպենք նրանց զղջալ դրա համար»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա կատարված հարձակումից հետո ԱՄՆ-Իրան ուղիղ առճակատման վտանգը մեծացել է։ Սա գիտակցում են ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում, և փորձում են ամեն կերպ կանխել այս զարգացումը, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ աշխարհի համար։
Добавить комментарий