Չինաստանը պետք է ազդի Իրանի վրա՝ հութիների գրոհները դադարեցնելու համար. Սալիվան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է՝ Չինաստանը՝ որպես պատասխանատու խաղացող, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պարտավոր է օգտագործել իր ազդեցությունն Իրանի վրա, որպեսզի այդ երկիրն իր հերթին օգտագործի իր ազդեցությունը Եմենի հութիների վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Սալիվանը շեշտել է, որ ինքը հանգամանալից ու բովանդակային խոսակցություն է ունեցել այս խնդրի շուրջ չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Սա այն հարցն է, որտեղ, ինչպես մենք կարծում ենք, երկրները, մասնավորապես՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչները, հատուկ պարտավորություններ ունեն եւ պետք է դրանք կատարեն»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Միացյալ Նահանգները դիվանագիտական խողովակներով դիմել էր Չինաստանին՝ կոչ անելով օգնել զսպելու հութիների հարձակումները Կարմիր ծովում: Ըստ բրիտանական «Financial Times» պարբերականի՝ Պեկինի վրա դիվանագիտականճնշումները դեռևս արդյունք չէին տվել:
#Դետքի_հետագծով
Կարմիր ծովում հութիների հարձակումները զսպելու համար Պեկինը սկսել է ճնշում գործադրել Թեհրանի վրա, որի պատճառը բեռնափոխադրումների և ապահովագրության ծախսերի ավելացումն է հարձակումների պատճառով: Դրանք խաթարել են առանցքային առևտրային ճանապարհը, որը լայնորեն օգտագործում է Չինաստանը Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքաշրջանառության համար:
Добавить комментарий