Զախարովան անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Զախարովան ընդգծել է, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, նա պետք է հասկանա, թե այն ինչքանով է անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ, թե ինչն է բխում է ՀՀ-ի շահերից։
«Հավանաբար դեռ պետք է առաջնորդվել հիմնական սկզբունքներով՝ ո՞րն է յուրաքանչյուր երկրի ազգային շահը, մասնավորապես Հայաստանի շահը։ Երևի սա պետք է վերլուծել, քարտեզ բացել, տեսնել, թե որ տարածաշրջանում, որ հարևանների միջև է այս երկիրը գտնվում, պետք է պատմության դասագրքեր կարդալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մարիա Զախարովան համոզմունք է հայտնել, թե դա կարող է խաթարել ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն ոգևորված է դաշինքի հետ Հայաստանի մերձեցման ձգտմամբ։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում Հայաստանը խորացնում է իր փոխգործակցույթյունը ՆԱՏՕ-ի հետ։ Սա բնականաբար անհանգստացնում է Ռուսաստանի Դաշնությանը, որը ձգտում է ամեն գնով կանխել ՀՀ-ի ու ՆԱՏՕ-ի մերձեցումը։
Добавить комментарий