Հավելավճար է սահմանվել մարտական խնդիրների իրականացման գործառույթներ չունեցող պայմանագրային զինծառայողների համար
Կառավարությունն այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստին հավանություն է տվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին համար հավելավճար սահմանելու, հավելավճարի հաշվարկումն այդ զինծառայողների ատեստավորմամբ պայմանավորելու, ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատական ստացած զինծառայողներին համապատասխան գնահատումը վերահանձնելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի վարձատրության գործակիցների սահմանման միջոցով արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Պայմանագրային զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման, ծառայության գրավչության և հանրային ծառայության այլ տեսակների հետ ընտրանքային (մրցակցային) հնարավորությունների ընդլայնման կարևորագույն բաղադրիչ է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու սոցիալական մոտիվացիան
Ատեստավորման և դրա արդյունքներով հավելավճարի հաշվարկման համակարգ է սահմանվել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերում գործող պաշտոնների գերակշիռ մասը ներառվել է ատեստավորման նոր համակարգում:
Դրա կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համեմատությամբ այլ չափանիշներով (կրակային պատրաստության և մասնագիտական կարողությունների ստուգում) ատեստավորման և առավել ցածր չափերով հավելավճարների համակարգ նախատեսել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող ԶՈՒ մնացած պայմանագրային զինծառայողների համար:
Նախագծի ընդունումը 2024 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում կհանգեցնի շուրջ 6.0 մլրդ դրամի չափով լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտության»։
Добавить комментарий