detq

Բայդենի խորհրդականը հրաժարվել է Իրանին հարվածելու մասին հարցին պատասխանելուց

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չի պատասխանել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին ուղիղ հարվածներ հասցնելու հավանականության մասին հարցին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Սալիվանն ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հարցազրույցի ընթացքում զրուցավար Քրիստեն Ուելքերը Սալիվանին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն բացառում է Իրանի ներսում հարվածներ հասցնելու հնարավորությունը:

«Դե, այսօր այստեղ նստած ազգային լրատվական ծրագրի ժամանակ ես չեմ պատրաստվում մանրամասնել, թե ռազմական գործողությունների առումով ինչ ենք մենք ընդունել և ինչ ենք բացառել: Այն, ինչ ես կասեմ, այն է, որ նախագահը հաստատակամ է վճռականորեն պատասխանել մեր ժողովրդի վրա հարձակումներին: Նախագահը նաև չի ձգտում ավելի լայն պատերազմի Մերձավոր Արևելքում»,- ասել է պաշտոնյան:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե Իրանի ներսում հարվածներ հասցնելու հնարավորությունը քննարկվո՞ւմ է, պաշտոնյան կրկին չի պատասխանել․ «Կրկին, Քրիստեն, այստեղ նստած, հեռուստատեսությամբ անխոհեմ կլիներ խոսել այն մասին, թե ինչն ենք մենք հաշվի առնում կամ բացառում»։

Երբ Ուելքերը նորից հարցրել է․ «Ուրեմն Դուք դա չէիք բացառի», Սալիվանը պատասխանել է. «Ես պարզապես նույնը նորից կասեմ»:

Պաշտոնյան հավելել է, որ չի ցանկանում մանրամասնել, թե ինչ է քննարկվում, և ինչ չի քննարկվում, երբ խոսքը վերաբերում է ամերիկյան պատասխանին։

#Դետքի_հետագծով

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա կատարված հարձակումից հետո ԱՄՆ-Իրան ուղիղ առճակատման վտանգը մեծացել է։ Սա գիտակցում են ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում, և փորձում են ամեն կերպ կանխել այս զարգացումը, քանի որ դրա հետևանքներն աղետալի կլինեն ողջ աշխարհի համար։

Добавить комментарий