Опубликовано D.Guyumjyan -
դետք

Քանաանին պնդում է՝ Իրաքում և Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածելու մասին լուրերը սուտ են

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան ռազմաօդային ուժերի վերջին գրոհների հետևանքով Սիրիայում ու Իրաքում խոցվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ մտնող «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի դիրքերը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

«Ամերիկայի մեղադրանքները սուտ են, և նա չի կարող դրանք օգտագործել իր գործողություններն արդարացնելու համար, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը»,- ասել է Քանաանին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում։

Նշենք, որ փետրվարի 3-ին Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Իրանը վճռականորեն դատապարտում է Իրաքին և Սիրիային ԱՄՆ հասցրած հարվածները՝ դրանք համարելով ռազմավարական սխալ, որը կհանգեցնի լարվածության ուժեղացման տարածաշրջանում։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ փետրվարի 3-ի գիշերը ամերիկյան ավիացիան խոցել է ավելի քան 85 թիրախ ԻՀՊԿ-ի մեջ մտնող «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի և նրանց հետ կապված խմբավորումների դիրքերին հարվածելու արդյունքում, Իրաքի և Սիրիայի սահմանային մի շարք շրջաններում։

Այդ հարվածները կատարվել են ի պատասխան սիրիա-հորդանանյան սահմանին՝ Էթ Թանֆ շրջանում, արևմտյան կոալիցիայի ռազմակայանի վրա գրոհի, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի զինծառայող, 40 հոգի վիրավորվել էր։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատասխանատվությունը դրել են շիա զինված խմբավորումների վրա, որոնց, նրանց կարծիքով, աջակցում է Թեհրանը։

#Դետքի_հետագծով

Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը կատարել են տեղի իրանամետ խմբավորումները, ինչից ելնելով էլ ամերիկյան կողմն իր դաշնակիցների հետ հարձակման մեջ մեղադրում է Թեհրանին։ Իրականում Իրանը կարող է որոշակի մասնակցություն ունենալ այս հարձակմանը՝ ի պատասխան այս տարվա հունվարի 3-ին Քերման նահանգում կատարված ահաբեկչության, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Добавить комментарий