Թուրքիան միլիոնավոր դոլարների ռազմական մատակարարումներ է կատարել Ռուսաստան՝ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները
Թուրքական ընկերությունները, շրջանցելով արևմտյան պատժամիջոցները, շարունակում են Ռուսաստան արտահանել էլեկտրոնիկա, պահեստամասեր և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են ռուսական զինված ուժերին։ Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal» հրատարակությունը։
Մասնավորապես 2022 թվականին ամենաքիչը թուրքական 13 ընկերություն Ռուսաստան է արտահանել ավելի քան 18 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ։ Առնվազն երեք դեպքում խոսքն ամերիկյան արտադրության ապրանքների մատակարարման մասին է։
Ապրանքները մատակարարվել են ռուսական 10 ընկերության, որոնք գտնվում են ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Թուրքիայից մատակարարումներ ստացած ընկերությունների թվում թերթը հիշատակում է նաև ռուսական «Tactical Missiles» կորպորացիայի դուստր ձեռնարկությանը, որը զենք է արտադրում ռուսական նավատորմի համար, ինչպես նաև «Promtechnologiya»-ն, որը հրազեն է արտադրում։
Բացի դրանից՝ նախորդ տարվա մարտից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում թուրքական ընկերությունները շրջանցել են պատժամիջոցները՝ Ռուսաստան ուղարկելով վերելակներ, էլեկտրական գեներատորներ և ամերիկյան արտադրության այլ ապրանքներ։
Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Добавить комментарий