Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտականներկայացուցիչ Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է՝ Իրանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի ռազմական հարձակումները Իրաքի և Սիրիայի վրա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Իրավանին նշել է, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունն անօրինական է և չարդարացված, ինչպես նաև ակնհայտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու հիմնարար սկզբունքները։ Դիվանագետն ԱՄՆ հարձակումները Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության բացահայտ խախտում է որակել։
Սաիդ Իրավանին նշել է, որ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն պետք է հարգեն Իրաքի կառավարության որոշումը՝ դադարեցնել ռազմական ներկայությունը և դուրս բերել ուժերն այդ երկրից: «Այն պնդումները, թե Իրաքում և Սիրիայում Իրանի բազաները հարձակման են ենթարկվել, անհիմն են և արվում են ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից ուշադրությունը շեղելու համար»,- ասել է նա։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը երբեք չի ձգտել ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները տեղափոխել Իրաքի տարածք և հավատարիմ է Իրաքի անկախությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նա պնդել է, որ սա է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական դիրքորոշումը։
#Դետքի_հետագծով
Վերջին շրջանում տարածաշրջանում կտրուկ լարվել է իրավիճակը, որի հետևանքով ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի տարածքին։ Սա բնականաբար անհանգստացնում Իրանին, որը դատապարտում է ամերիկյան կողմի այս հարձակումները։
Добавить комментарий