Ադրբեջանի ԳՇ պետը ստուգել է զորամասերի ինտենսիվ մարտական պատրաստության ընթացքը
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և ցամաքային զորքերի հրամանատար Էնվեր Էֆենդիևն այցելել են զորամասեր ու ստուգել ուսումնական նոր շրջանի ինտենսիվ մարտական պատրաստության ընթացքը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Վելիևը լսել է հրամանատարների հաշվետվությունները պարապմունքների կազմակերպման և անցկացման վերաբերյալ։ Հանդիպումների ընթացքում վերջինիս տեղեկացրել են, որ հատուկ ուշադրություն է դարձվում ստորաբաժանումներում մարտական պատրաստության աշխատանքների որակական կազմակերպմանը։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ծրագրված պարապմունքներում, հաշվի առնելով պատերազմի ժամանակակից մեթոդները, հիմնական ուշադրությունը դարձվում է անհատական կարողությունների զարգացմանը և անձնակազմի մարտավարական ու հատուկ պատրաստվածության կատարելագործմանը։
Ադրբեջանի ԳՇ պետը կարևորել է հրամանատարական կազմի պատրաստության անցկացումը՝ իրական մարտի պայմաններին համապատասխան։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատում զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված «պատասխան միջոցառումները, որոնք ուղղված են հայկական զինված ուժերի սադրանքները կանխելուն»։
Վերջինս զինվորականների ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի տված հանձնարարականները՝ խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարման նպատակով մարտունակության բարձր մակարդակի պահպանումն ու սպառազինության և տեխնիկայի արդյունավետ կիրառումն ապահովելու համար։
Добавить комментарий