Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են ընտրախախտումներով
Ադրբեջանում այսօր մեկնարկած արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունն ուղեկցվել է ընտրախախտումներով:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Meydan.tv» կայքը:
Ադրբեջանցի լրագրող Լիդա Աբբասլիին այսօր առավոտյան թույլ չեն տվել նկարահանել ընտրատեղամասում:
«Առանց հարցնելու՝ լրատվական կազմակերպությունից եմ, թե ոչ, ինձ ասացին, որ չեմ կարող նկարահանել, և դուրս հանեցին: Ասացի, որ լրագրող եմ, նկարահանելու թույլտվություն պետք չէ ստանալ, ուշադրություն չդարձրին»,- նշել է լրագրողը:
Լրատվամիջոցների ոլորտի իրավաբան Ալասգար Մամեդլին նշել է, որ լրագրողին ընտրատեղամասից հեռացնելն անօրինական վարքագիծ է, քանի որ Ադրբեջանում ընտրություններին ԶԼՄ-ների մասնակցությունը կարգավորվում է Ընտրական օրենսգրքով։
«Բացի դրանից՝ ընտրություններում հիմնական սկզբունքը թափանցիկությունն է. ընտրությունը գաղտնի գործընթաց չէ, որպեսզի լրագրողներին թույլ չտան լուսաբանել դրա ընթացքը»,- նշել է նա:
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովն այսօր դիմել է լրագրողներին և հորդորել չվարանել լուսաբանել ընտրատեղամասերում իրենց հանդիպած խնդիրները:
Նարիմանով-Նիզամի-Բինագադի շրջանի 19-րդ ընտրատեղամասում լրագրողներին արգելել են նկարահանումներ կատարել՝ պատճառաբանելով ԶԼՄ-ների ռեգիստրում գրանցում չունենալը։
Սաբունչիի ընտրատարածքի թիվ 19 տեղամասում նույնպես լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը։
ԿԸՀ-ն հայտնել է, որ լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումը պարտադիր չէ, որպեսզի լրագրողները հետևեն ընտրությունների ընթացքին։
Հաղորդվում է նաև, որ այսօր ինտերնետ կապի խնդիրներ են եղել: «Meydan.tv»-ի աշխատակիցները Բաքվի թիվ 310 և 80 դպրոցների ընտրատեղամասերում բախվել են նույն խնդրին։ Ըստ նրանց՝ «WhatsApp»-ով հնարավոր չէ ոչ միայն ընտրատեղամասերում, այլ նաև տարածքից դուրս տեսագրություններ, ձայնագրություններ ուղարկել:
Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Իլհամ Ալիևն ու նրա ընտանիքի անդամները գրանցված են Բաքվում, սակայն նրանք քվեարկել են օկուպացված Ստեփանակերտում:
Добавить комментарий